Այս էջը հաստատված է

մանրամասնություններուն մեջ. ամենքն ալ իրենց առանձին հոգերով գրավված էին. պառավը լսել էր միայն աղմուկը, լսել էր վայնասուններ, լսել էր հրդեհի ճարճատումները, խլացեր էր հրացաններու ձայնով. - զգացեր էր բոցերու ջերմությունը կռնակին վրա ու տարված փախստական ամբոխի հոսանքեն, օր մը հոս, օր մը հոն քշվեր էր անգիտակցաբար ու օրերով, շաբաթներով տեղեկություն էր մուրացեր, կառչելով մեկ խումբին, աղերսելով իր շուրջը գտնվողներուն ու ոչ ոք դեռ բարությունն ունեցեր էր իրեն պատմելու, թե ի՞նչ պատահեցավ: Այս պատճառով էր, որ դեմքն առեր էր սարսափի, անորոշության ու կասկածի արտահայտություն մը ու մտքին մեջ սևեռած էին կցկտուր տեղեկություններ:

- Դուշմանը մեզ կոտորե՜ց…-ըսավ վարանելով ու հարցումներ ուղղեց մանրամասնություններու վրա:

Երբ պատասխանեցի իրեն համբերությամբ, դեմքը կարծես տարրալուծվեցավ, տժգունությունը կապտորակ ու գրեթե դիակնային դարձավ, իր կույր աչքերը՝ որոնք ճերմակ մշուշով մը ծածկված էին, կարծես սևեռեց իմ վրաս ու սրտագին աղաղակ մըն արձակեց.

- Ամա՜ն…:

Հիմա իմ դեմս ունեի երիտասարդ կին մը. մեկ աչքը կորսված ակնակապիճներուն խորությանը մեջ ու մյուսն ընդհակառակը ցցված, ուռած, բիբի տեղ կրելով ճերմակ կոճակի պես կարծրություն մը. այդ աչքն անհանգիստ ու թաքուն կենդանություն մը ուներ, բանտարկված կթվեր ու կարծես պոռթկալու կմիտեր. հարաշարժ ու ցայտուն երկչոտություն ու անհանգստություն կպատճառեր միանգամայն ու կնայեր մեր նայվածքեն տարբեր նայվածքով մը:

Առանց խոսելու, ընտրեցինք իր հագուստները, բայց վերջապես հարկադրվեցանք հարցնել.

Պահ մը լուռ կեցավ. կարծեցինք թե չէր հասկցած. իր ճերմակ բիբն անշարժացավ. շրթունքը թոթովեցին: Ու սկսավ հեծկլտալ անվերջ. իր կուրծքը ցնցոտիներուն ներքևեն կբարձրնար ու կիջնար. ո՞վ գիտե ի՞նչ կտեսներ իր կուրության մշտնջենական մթությանը մեջ:

Շատ անգամ կպատահեր ասիկա. մեր հարցումն իրենց կհիշեցներ